Չեմ ափսոսում «Օլիմպիկից» հեռանալու համար. Գեղամ Կադիմյան
Պրեմյեր լիգայում հեշտ չի լինում, բայց կփորձեմ 10 գոլի նշաձողից չիջնել: Այդ մասին հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Դոնեցկի «Օլիմպիկից» Լվովի «Կարպատներ» տեղափոխված 23-ամյա հարձակվող Գեղամ Կադիմյանը:
Նա ասել է, որ չի ափսոսում «Օլիմպիկից» հեռանալու համար:
«Շատ չեմ ափսոսում: Պատրաստում էի ինձ դրան, ազատ գործակալի կարգավիճակում հեռացա: Արդեն հարմարվել եմ «Կարպատներում»:
Ակումբն ու տղաներն ինձ շատ ջերմ ընդունեցին: Այլ առաջարկներ կային, բայց «Կարպատները» վաղուց էր ցանկում ինձ ձեռք բերել: 1.5 տարվա պայմանագիր եմ կնքել»,- ասել է ֆուտբոլիստը:
Ուկրաինայի ընթացիկ առաջնության առաջին հատվածում Կադիմյանի «Օլիմպիկի» կազմում մասնակցել է 15 հանդիպման, խփել է երեք գոլ, կատարել է նույնքան գոլային փոխանցում: «Կարպատների» հետ ստուգողական հանդիպումներում Կադիմյանն արդեն խփել է հինգ գոլ: