Շոլցը դեմ է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը
Պատերազմի մեջ գտնվող երկիրը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Ուստի Ուկրաինային դաշինք հրավիրելը օրակարգում չկա։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Շոլցը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն Վիլնյուսի և Վաշինգտոնի գագաթնաժողովներում որոշել է Ուկրաինայի անդամակցության հեռանկարները, և, նրա կարծիքով, դրանից դուրս որևէ նոր որոշումների կարիք դեռ չկա:
«Պատերազմի մեջ գտնվող երկիրը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Սա գիտեն բոլորը, սրա հետ տարաձայնություն չկա։ Իսկ ՆԱՏՕ-ում հրավերները սովորաբար բավականին արագ ասոցացվում են անդամակցության հետ»,- նրա խոսքերն է մեջբերում ZDF-ը:
Ավելին, Գերմանիայի կանցլերն ասել է, որ ռուսական լայնածավալ ներխուժումն Ուկրաինա պահանջում է հավասարակշռված գործողություններ, որոնք մի կողմից երաշխավորում են Կիևի աջակցությունը, իսկ մյուս կողմից՝ երաշխավորում, որ այն չվերածվի Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի։
«Այստեղ ես իմ դիրքորոշումը շատ հստակ ասում եմ և չեմ փոխի այն»,- ընդգծել է նա։