Պուտինը BRICS+ գագաթնաժողովում խոսում է Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և ՄԱԿ-ի մասին
Արևմուտքն օգտագործում է Ուկրաինան Ռուսաստանի անվտանգությանը կրիտիկական սպառնալիքներ ստեղծելու համար՝ անտեսելով Ռուսաստանի Դաշնության կենսական շահերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի գագաթնաժողովում:
«Հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքները խախտվում են։ Խրախուսվում են միջպետական և ներքին վեճերը: Դրա օրինակներից մեկը Ուկրաինան է, որն օգտագործվել և օգտագործվում է Ռուսաստանի անվտանգությանը կրիտիկական սպառնալիքներ ստեղծելու համար՝ անտեսելով մեր կենսական շահերը, արդարացի մտահոգությունները և ռուսալեզու մարդկանց իրավունքները»,- ընդգծել է Պուտինը։
«Մերձավոր Արևելքը լայնամասշտաբ պատերազմի շեմին է։ Ռուսաստանի Դաշնությունը դեմ է Մերձավոր Արևելքում հակամարտող կողմերի ցանկացած ահաբեկչական դրսևորմանը: Պաղեստինա-իսրայելական դիմակայության հերթական փուլը դարձել է ամենաարյունալիներից մեկը: Նրանք, ովքեր ցանկանում են Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնել, չգիտեն երկրի պատմությունը, նրանց հաշվարկները սխալ են: Անցումը դեպի արդար աշխարհակարգ լավ չի ընթանում, փորձում են խոչընդոտել այդ գործընթացը։ Անհրաժեշտ է ընդլայնել աֆրիկյան երկրների ներկայությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որոնց առաջնորդները հավաքվել էին BRICS-ի գագաթնաժողովում։ ՄԱԿ-ի ինստիտուտների և համաշխարհային ֆինանսական կառույցների բարեփոխումը վաղուց ուշացած է»,- ընդգծել է Պուտինը։