Թուրքիան ամբողջ երկրի տարածքում ռազմաօդային զորավարժությունների է պատրաստում
Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը տեղեկություններ է տարածել, որ շուտով անցկացվելու են ռազմաօդային մեծամաշտաբ զորավարժություններ։ Տեղեկացնում է sondakika.com կայքը։
Տարածած տեղեկատվության մեջ ասվում է, որ մարտի 2-9-ը անցկացվում են փորձնական, իսկ մարտի 27-31-ը անցկացվելու են volkan 2016 ռազմաօդային զորավարժությունները։ Տեղեկության համաձայն` ռազմաօդային և հակաօդային պաշտպանության զորավարժություններն անցկացվելու են ամբողջ երկրի տարածքում։ Բնակչությանը հորդորվում է խառնաշփոթի չմատնվել մեծաթիվ օդային և հակաօդային տեխնիկա տեսնելուց։
Ըստ տեղեկության՝ զորավարժություններին մասնակցելու են Թուրքիայի ամենաարդիական զինատեսակները, մեծ թվով ռազմական ինքնաթիռներ, բեռնատար և հարվածող ուղղաթիռներ։
Նշվում է, որ զորավարժությունների նպատակը մեծամասշտաբ հնարավոր հարձակման դեպքում ամբողջ երկրի տարածքում պաշտպանական գործողություններ իրականացնելն է և տարբեր ստորաբաժանումների միջև ամուր համագործակցության ամրապնդումը։ Նաև պետք է ստուգվի ռազմաօդային ուժերի օդում երկար ժամանակ մնալու և ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը։