Բայդենը Նեթանյահուին կոչ է արել դադարեցնել պատերազմը Գազայում
Իսրայելը պաշտոնապես հաստատել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունը։ Նույն օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Axios-ը։
Բայդենը զանգահարել է Նեթանյահուին Air Force One-ից Գերմանիա մեկնելու ճանապարհին և շնորհավորել նրան հարավային Գազայում իսրայելական ուժերի կողմից Սինվարի հաջող սպանության կապակցությամբ: ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ այս իրադարձությունից հետո ժամանակն է շարժվել առաջ և վերջ տալ Գազայի պատերազմին։
Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ առաջնորդները համաձայնել են պատանդներին ազատելու համար ստեղծված իրավիճակն օգտագործելու անհրաժեշտության մասին և կշարունակեն աշխատել այդ նպատակին հասնելու համար։
Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը և Նեթանյահուն քննարկել են պատերազմին վերջ դնելու ուղիները՝ միաժամանակ ապահովելով Իսրայելի անվտանգությունը և թույլ չտալով ՀԱՄԱՍ-ին վերադարձնել Գազայի վերահսկողությունը:
Բայդենը ամիսներ շարունակ անձամբ ներգրավված է եղել Գազայում պատանդների ազատ արձակման և հրադադարի շուրջ բանակցություններում՝ նպատակ ունենալով հասնել բեկման մինչև իր նախագահության ավարտը 2025 թվականի հունվարի 20-ին: