ՆԱՏՕ-ն անվանել է Ուկրաինայում Ռուսաստանի ամենօրյա կորուստների թիվը
Ուկրաինայի մարտի դաշտում ռուսական բանակը սեպտեմբերին ամեն օր ունեցել է միջինը 1271 սպանված և վիրավոր զինվոր:
Նման տվյալներ է ներկայացրել Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան Բրյուսելում պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում կայացած ճեպազրույցում։
Deutsche Welle-ն հայտնում է, որ սա ամենաբարձր թիվն է Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր: Մայիսին ՆԱՏՕ-ն այդ կապակցությամբ նշել էր 1000 սպանվածների և վիրավորների թիվը։ Պաշտոնյան նաև ընդգծել է, որ դաշինքի կանխատեսումների համաձայն՝ Ռուսաստանի կողմից նման կորուստները կշարունակվեն մինչև 2024 թվականի վերջ։ Նա ռուսական կորուստների ավելացումը կապեց այն բանի հետ, որ այժմ կատաղի մարտեր են ընթանում ոչ միայն Խարկովի, այլեւ Կուրսկի շրջանում, իսկ մարտերն առհասարակ սրվել են առաջնագծի ողջ երկայնքով։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանում համալրումն ընթանում է նույն տեմպերով՝ ամսական մոտ 30 հազար մարդ, նշել է պաշտոնյան: