«Ես իրատես եմ, գիտեմ, որ մեր ուզած սպասելիքը չի լինելու»․ Խաչիկ Մանուկյանը՝ դատախազությանը ներկայացվող պահանջագրի մասին
«Շարունակաբար խոսվում է այն մասին, որ ՔՊ-ական պարագլուխները տևական հանցագործություններ են գործում տարբեր աստիճանի, տարբեր որակների։ Ժամանակն է, որ այդ հայտարարությունները տեղափոխվեն իրավական դաշտ»։ Այս մասին Գլխավոր դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Սրբազան պայքարի» մասնակից, Արցախյան երրորդ պատերազմում որդուն կորցրած, գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը։
Նրա խոսքով` պետք է հասկանալ այդ հանցանքներին գնահատական տրվելո՞ւ են, թե ոչ։
«Ես իրատես եմ, գիտեմ, որ մեր ուզած սպասելիքը չի լինելու, քանի որ այսօրվա դատախազը հայտարարել է, որ զեկուցում է վարչապետին, այսինքն` կատարում է նրա հրահանգները։ Դատական համակարգն էլ գտնվում է նրա ափի մեջ։ Մարդը հիմա ափը բաց է թողել, զբաղված է հեծանիվ քշելով, ես այստեղ շատ ազնիվ միտում եմ տեսնում, մարդն ասում է՝ իրավիճակին չեմ տիրապետում, անցել եմ իմ սպորտաձևին»,- ասաց Մանուկյանը։
Նա ընդգծեց՝ ինքը գիտի, որ գործ ունի դարակազմիկ հանցագործների հետ, հավատում է՝ իշխանափոխությունից հետո լինելու է իրավական, ինչպես նաև քաղաքական գնահատական։
«Այդ ժամանակ ձեր դիմաց կանգնած կհայտարարեմ, այո, արդարադատությունը հաղթելու է»,- ասաց նա։