Թուրքիայի մեջլիսում քննարկվել են Դավութօղլուի հակահայկական հայտարարությունները
Թուրքիայի մեջլիսում բյուջեի քննարկման աշխատանքների ժամանակ քննարկվել է նաև վարչապետ Ահմեթ Դավութօղուի հակահայ և հակաքրդական հայտարարությունները։ Տեղեկացնում է demokrathaber.net կայքը։
Մեջլիսում անդրադառնալով քրդական շրջաններում հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում կատարվող գործողություններին՝ Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության կազմում հանդես եկող ազգությամբ հայ Գարո Պալյանը քննադատել է Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունը։
Դավութօղլուն Բինգյոլում հայտարարել էր, որ քրդերը հայ ավազակախմբերի նման համագործակցում են Ռուսաստանի հետ և Մոսկվայում ներկայացուցչություն են բացում։ Գարո Պալյանը պատասխանել է Դավութօղլուի հայտարարությանը հետևյալ կերպ։
«Այսօր Իսլամական պետության շարքերում թուրքեր կան։ Եթե ես ասեմ թուրք ավազակախմբեր ինչպիսի ռասիստական հայտարարություն արած կլինեմ, կարելի՞ է։ Իսկ պարոն վարչապետը բացեիբաց ռասիստական հայտարարություն է արել»,- հայտարարել է Պալյանը։
Ի պաշտպանություն Դավութօղլուի հանդես են եկել իշխող կուսակցության պատգամավորներից ոմանք, սակայն չեն կարողացել հերքել նրա ռասիստական հայտարարությունը։