Զրո արժեք ունեցող բնակարանների համար նախագիծ ենք գծել, եթե չկարողանանք միասին խնդիրը լուծել, ապա առհասարակ կհրաժարվենք այս ծրագրից․ Ավինյան
Մայրաքաղաքի Արզումանյան փողոցի 10 և 17 հասցեներում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու գործընթացը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը համարում է «բարի կամքի դրսևորում» է և երևանցիների անվտանգության խնդրի միակ լուծում:
«Խոսքը 4-րդ կարգի ռիսկայնության շենքերի մասին է, որը չգիտես, թե երբ կփլվի, բայց որ կփլվի՝ միանշանակ»,- գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ եթե չկարողանան միասին, գրագետ ժամկետներում այս խնդիրը լուծել, ապա քաղաքապետարանն առհասարակ կհրաժարվի այս ծրագրից:
«Սա բարի կամքի դրսևորում է: Սա երևանցիների անվտանգության խնդրի լուծում եմ համարում, որտեղ քաղաքապետարանը, որպես այդպիսին, պարտավորություն չունի»,- նշեց Տիգրան Ավինյանը:
Նա հավելեց, որ բացի ռիսկային լինելուց՝ այդ բնակարանների արժեքը զրո է:
«Ամենայն հարգանքով, բայց զրո արժեք ունեցող բնակարանների համար Երևանի քաղաքապետարանը նախագծել է ծրագիր, որով բնակիչներին միաժամանակ վարձի գումար է փոխհատուցվելու, որից հետո նույն տեղում կառուցված շենքում նույն բնակիչներին արդեն արժեքավոր բնակարաններ են տրամադրվելու»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Նա նշեց, որ այս ձգձգումները և դատական պրոցեսները կարող են բերել նրան, որ Երևանի քաղաքապետարանն առհասարակ հրաժարվի այս ծրագրից:
«Եթե չկարողանանք միասին, գրագետ ժամկետներում այս խնդիրը լուծել, ուղղակի այս խնդրից մենք կհրաժարվենք»,- ասաց քաղաքապետը։