Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ «Արևաբույր ընտանեկան միջավայր» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են «Lexus» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։