Իրանի արտգործնախարարը ժամանել է Բեյրութ՝ հանդիպելու Լիբանանի իշխանությունների հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամական Հանրապետության պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Բեյրութ՝ Լիբանանի իշխանությունների հետ բանակցություններ վարելու նպատակով։
Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Իրանի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Մենք հենց նոր վայրէջք կատարեցինք Բեյրութի միջազգային օդանավակայանում: Մեր պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, կհանդիպի Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- գրել է Բաղայը սոցցանցում:
Նրա խոսքով, իրանական պատվիրակության այցի շրջանակներում Լիբանան կտեղափոխվի մարդասիրական օգնության խմբաքանակ, որը բաղկացած է սննդից ու դեղորայքից։
«Իրանը միշտ կկանգնի Լիբանանի քաջ ժողովրդի կողքին: Ամբողջ տարածաշրջանը պետք է հասկանա Լիբանանի առջև ծառացած իրավիճակի լրջությունը և դրա հետևանքները մեր երկրների ժողովուրդների համար»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը։