Ամիրյան 2 հասցեում ապամոնտաժումը քանդման նպատակով չէ
Ամիրյան 2 հասցեում կառուցապատող ընկերության տնօրենը և ճարտարապետն այսօր ասուլիս էին հրավիրել՝ հավատացնելու, որ իրենք նպատակ չունեն ոչնչացնել բուն պատմական հուշարձանը և քանդում են ընդամենը կցակառույցները:
Կառուցապատման ճարտարապետ Իսահակ Ներսիսյանը նոր կառույցի նախագծերը ձեռքին էր եկել՝ հավատացնելով, որ հուշարձանն առանց կցակառույցների կընդգրկվի նոր բազմաֆունկցիոնալ համալիր շենքում:
«Հողատարածքը բարդ է կառուցապատման համար, երկու հատ հանրային նշանակության հուշարձան կա, մեկը Ամիրյան 2-ն է, և բակում էլ կա առանձին մասնաշենք, որը նույն թվականին կառուցվել է որպես արական գիմնազիայի շենք: Բայց շենքը ենթարկվել է բազմաթիվ վերակառուցումների, և շենքի ճակատն է մնացել միայն»,-նշեց նա և հավելեց, որ ուղղակի նոր կցակառույցները նման են եղել հուշարձանին՝ մշակվել է նույն հոգով և սև տուֆ է օգտագործվել:
Ճարտարապետի համոզմամբ՝ նոր լուծմամբ Ամիրյան 2-ի ճակատային մասը կպահպանեն, որը համահունչ կլինի շրջակա միջավայրին, իսկ հնությունը կմնա իր տեղում:
Ի դեպ, նա հավատացրեց, թե նախագիծը հապճեպ չի արվել, իրենք մեկ տարուց ավելի աշխատել են Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանման կոմիտեի ներկայացուցիչների հետ միասին:
Հարցին, թե շենքի ճակատ պահելը որքանո՞վ է հուշարձանի պահպանություն համարվում, ճարտարապետն ասաց, թե իհարկե, հուշարձանը միայն դիմային հատվածը չէ: «Ցավոք, մեր դեպքում մեզ հասել է այն, ինչ ունենք: Տարբեր ժամանակահատվածներում վերակառուցվել է և հինը մնացել է միայն դիմային հատվածը»,-ասաց նա: