Իրանը Իսրայելի վրա հրթիռային հարձակումն անվանել է ինքնապաշտպանության ակտ
Գիշերը Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի տարածքի վրա եղել է Թեհրանի ինքնապաշտպանության ակտ և համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին, իրանական կողմը թիրախ է ընտրել միայն ռազմական բազաները և անվտանգության հետ կապված օբյեկտները։
Այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միայն իրացրեց օրինական պաշտպանության իրավունքը՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա և թիրախ դարձրեց բացառապես ռազմական բազաները», - մեջբերում է նախարարի խոսքերը Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքը։
Ըստ ԱԳՆ-ի՝ Արաքչին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և մի շարք այլ երկրների գործընկերների հետ՝ նրանց հետ քննարկելով Իսրայելի դեմ Իրանի հրթիռային հարձակումը, ինչպես նաև Գազայի հատվածում և Լիբանանում լարվածությունը։
Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը երկու ամիս զսպվածություն է ցուցաբերել Իսրայելի ահաբեկչության ֆոնին, որը հանգեցրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվանը։