Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
Հայաստանում այսօր բացվեց իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն արտերկրում։ Կենտրոնի բացմանը մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ այլ պաշտոնատար անձինք, Իրանից նախարարներ, Մեջլիսի պատգամավորներ և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Իր ելույթում Գևորգ Պապոյանը նկատեց, որ նախորդ տարվա դրությամբ ՀՀ-Իրան առևտրաշրջանառությունը 700 մլն ԱՄՆ դոլար է կազմում և պլանավորում են առաջիկայում հասցնել 1 մլրդ դոլարի, իսկ հաջորդիվ արդեն՝ 3 մլրդ դոլարի։
«Իրանը պարզապես հարևան չէ Հայաստանի համար, այն բարեկամ երկիր է և բարեկամ ժողովուրդ։ Մեր երկրների միջև գոյություն ունեն շատ սերտ առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերություններ: Մեր ժողովուրդները շատ լավ ճանաչում են իրար և շատ ջերմ վերաբերմունք ունեն միմյանց նկատմամբ։ Բայց վստահաբար կա հսկայական չբացահայտված պոտենցիալ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար։ Այս հարթակն այդ հնարավորությունը կտա, որպեսզի նոր ոլորտներ բացահայտվեն և նոր որակի հարաբերություններ կառուցվեն: Ես կուզեի, որ այսպիսի մի առևտրի կենտրոն էլ մենք ունենանք Իրանում, մասնավորապես՝ Թեհրանում»,- հայտարարեց նախարարը։