Վճռական ենք բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնել․ ՀՀ-ում բացվեց իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն արտերկրում (տեսանյութ)
Հայաստանում այսօր բացվեց իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն արտերկրում։ Կենտրոնի բացմանը մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ այլ պաշտոնատար անձինք, Իրանից նախարարներ, Մեջլիսի պատգամավորներ և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Բացումն սկսվեց Հայաստանի և Իրանի հիմներով, որից հետո, իր ելույթում, դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարեց, որ մեծ պատիվ է իրենց համար Հայաստանում բացել աշխարհի ամենախոշոր կենտրոնը, ինչը վկայում է ՀՀ-ի հետ ամենախորը բարեկամության մասին։
Նա հույս հայտնեց, որ իրանական առևտրի կենտրոնի շնորհիվ մեծ թափ կհաղորդվի 2 երկրի տնտեսական և առևտրային հարաբերություններին։
«Իրանի և ՀՀ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը թռիչքային աճ է գրանցել, հուսով եմ, որ այս կենտրոնի բացումն էլ ավելի կնպաստի դրան։ Վճռական ենք բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնել»,- հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ հավելելով, որ առևտրային, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտում երկու երկրի միջև հարաբերությունները շատ լուրջ կապիտալ կստեղծեն երկու երկրի ժողովուրդների համար: