ՀԱԿ-ի հետ լուրջ տարաձայնություններ չեմ ունեցել
«Ես չեմ ասել, թե ԲՀԿ ցուցակով մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին, ես ընդամենը չեմ բացառել »,-newspress.am-ի հետ զրույցում ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա մանրամասնեց, որ ասուլիսի ընթացքում իրեն հարց է տրվել, քանի որ երեկ, իր ղեկավարած կուսակցության ներկայացուցիչները մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղիկներ դրեցին ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչների հետ, հնարավո՞ր է 2017 թ-ի ընտրություններին, համատեղ մասնակցեն կամ ինքն ընդգրկված լինի ԲՀԿ-ի ցուցակում, ինքն էլ պատասխանել է, թե ոչինչ չի բացառվում:
Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ կարող էր անմեղ զոհերի հիշատակը հարգել` նաեւ այլ կուսակցության ներկայացուցիչների հետ ծաղիկներ դնելով, պետք չէ դրանից հետո այլ հետևություններ, պնդումներ անել. «Ոչ ոք չի կարող ասել, թե 2017 թ.-ին ինչ կլինի»:
Լյուդմիլա Սարգսյանից նաև հետաքրքվեցինք, եթե որոշի մասանակցել խորհրդարանական ընտրություններին կրկին ՀԱԿ ցուցակում կլինի, թե ՀԱԿ-ի հետ տարաձայնություններից հետո այլևս չի ցանկանում:
«ՀԱԿ-ի հետ, այո, եղել են տարաձայնություններ, բայց դրանք լուրջ չեն և չեն կարող պատճառ հանդիսանալ որոշում կայացնելու համար, բայց կուսակցությունում դեռ մասնակցության ձևաչափի մասով, որոշում չկա, հիմա մեր դիտակետում ընտրական օրենսգրքի փոփոխություններն են»,- եզրափակեց պատգամավորը: