Քաղաքական ամբողջ դաշտը խորը բուժման կարիք ունի․ Գառնիկ Դանիելյան
Ես ականավոր քաղաքական գործիչ չեմ, ինձ քաղաքական գործիչ էլ չեմ համարում, բայց կարծում եմ, որ քաղաքական ամբողջ դաշտը խորը բուժման կարիք ունի։ Այս մասին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Եթե մենք ասում ենք, որ երկիրը կործանվում է, ուրեմն դրան համապատասխան քայլեր պետք է ձեռնարկենք։ Հաջողության գրավականը հենց դա է, որ ամեն մեկն ինչ-որ ասում է՝ դրա տերը լինի, խոսելուց հետո հետևողական քայլեր լինի»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով խոսակցություններին, թե՝ «Սրբազան շարժումը» չի հաջողի, ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ դա իր համար ազգային ազատագրական պայքար է։
«Այսինքն, ի՞նչ է ստացվում՝ մի կողմից ասում են՝ ապազգային, հակաեկեղեցական, թուրք-ադրբեջանական տանդեմը սպասարկող իշխանություն, մյուս կողմից էլ ասում են, թե՝ շանս չկա՞ երկիրը փրկելու։ Սա ազգային ազատագրական պայքար է, որի մեջ բոլորը պետք է իրենց մասնակցությունն ունենան»,- ասաց պատգամավորը։
Նա չի ցանկանում անուններ տալ, թե ով ինչպես է արտահայտվել շարժման մասին, բայց հորդորում է բոլորին միանալ ու տեր կանգնել իրենց խոսքին։