Հենց ՆԱՏՕ-ն հարձակվի Բելառուսի վրա, միջուկային զենք կկիրառվի. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի պետական սահմանը հատելը կդիտվի որպես «կարմիր գիծ», որին կհաջորդի անհապաղ պատասխան՝ միջուկային զենքի կիրառմամբ։
«Կարմիր գիծը պետական սահմանն է: Եթե հատեն, պատասխանը կլինի ակնթարթային։ Մենք պատրաստվում ենք սրան։ Ես ազնվորեն և բաց եմ խոսում այս մասին»,- հարցազրույցում ընդգծել է Լուկաշենկոն։
Նախագահը նաև հիշեցրել է, որ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած հայրենասիրական ֆորումում ասել է, որ հարձակումը Բելառուսի վրա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։ Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը հաստատել է դա՝ փոփոխություններ կատարելով միջուկային դոկտրինում, ըստ որի՝ Ռուսաստանի կամ Բելառուսի վրա հարձակումը կհանգեցնի միջուկային զենքի կիրառմանը։
«Հենց նրանք հարձակվում են մեզ վրա՝ լինի դա ՆԱՏՕ-ն, ամերիկացիները, թե լեհերը, մենք միջուկային զենք ենք օգտագործում, և Ռուսաստանը մեզ համար հակամարտության մեջ է մտնում»,- հավելել է Լուկաշենկոն։