«Արդեն մի տարի է՝ երեխուն խաբում, ասում ենք՝ պապան գործի ա, վաղը գալու ա»․ պայթյունից մեկ տարի անց դեռ 22 հոգու ճակատագիր անհայտ է
Ուղիղ մեկ տարի է անցել Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից, ու դեռ 22 հոգու ճակատագիր անհայտ է։
Նրանց հարազատներն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց պահանջում են օգնել իրենց որոշակիություն մտցնել՝ դեպքի հետևանքով անհետ կորածների կարգավիճակի մասին։ Անհետ կորածներից մեկի՝ Սամվելի կինը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ մի քանի անգամ ԴՆԹ թեստ է իրականացվել, որոնցից ոչ մեկի հետ համընկնում չեն ունեցել։
«Արդեն մարմին էլ չկա․ 3 մարմին է մնացել, որոնցից ոչ մեկի հետ չի համընկում»,- ասաց կինը՝ հավելելով, որ այդ 3 դին 22 անհետ կորածներից ոչ մեկի հետ չի համընկնում։ Դա առիթ է տալիս հարազատներին մտածելու, որ այդ գտնված 3 մարմինն ադրբեջանցիներ են, ովքեր էլ հենց, ըստ մահացածների հարազատների, պայթեցրել են բենզալցակայանը։
Մեկ տարվա ընթացքում խնդրի բացահայտման ու անհետ կորածների հարցով, հարազատները դիմել են տարբեր ատյաններ, սակայն ոչ մի տեղ նրանց կամ չեն լսել, կամ պատշաճ չեն արձագանքել։
«Կարմիր խաչին ենք դիմել, ասում են՝ երկրի ղեկավարությունը պետք է զբաղվի այդ հարցով, մենք այդ խնդրով չենք զբաղեցնում։ Բոլորը վաճառված կազմակերպություններ են, ոչ մեկի համար գոյություն չունի հայրենիք, Արցախ, արցախցի»,- ասաց կինը և հավելեց․ «Արդեն մի տարի է՝ երեխուն խաբում, ասում ենք՝ պապան գործի ա, վաղը գալու ա, պապին գործի ա․․․ ու էդ վիճակով 22 ընտանիք․ ծնողն ամեն օր լացում է՝ չգիտի ինչ անի»։