Տեղի բնակիչներին փոխհատուցում չի տրվել ադրբեջանցիների հսկողության տակ անցած հողատարածքների համար
Սյունիքում կառավարությունը չի փոխհատուցել Ադրբեջանի կողից օկուպացված հողատարածքների սեփականատերերին։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ադրբեջանցիների կողմից Սյունիքում օկուպացվել են նաեւ Տեղ համայնքին պատկանող հողատարածքներ։ Դեռեւս 2022 թվականին Տեղ համայնքի քպական ղեկավար Դավիթ Ղուլունցը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ հակառակորդի հսկողության տակ հայտնված արոտավայրերի ու դաշտերի դիմաց գյուղացիներին փոխհատուցում կտրվի 1 հա-ի համար 200 հազար դրամ։
Տարիներ անց «Փաստինֆո»-ն փորձեց համայնքապետից ճշտել, թե արդյոք գործընթացն իրականացվել է ու գյուղացիներին տրվել է խոստացված փոխհատուցումը, սակայն այս անգամ համայնքապետը հրաժարվեց որեւէ տեղեկություն տրամադրել։
Իսկ ավագանու ընդդիմադիր անդամ, Արավուսի նախկին համայնքապետ Արգամ Հովսեփյանը հայտնեց, որ օկուպացված ցանքատարածքների համար որեւէ փոխհատուցում չի տրվել։ Նրա փոխանցմամբ՝ գյուղացիները փոխհատուցում են ստացել միայն թշնամու տիրարետության տակ անցած բերքի համար։ Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց Ա.Հովսեփյանը՝ գյուղացիներին ասել են, որ փոխհատուցման հարցին կանդրադառնան միայն սահմանազատումից հետո, իսկ, թե դա երբ տեղի կունենա պարզ չի։