Ադրբեջանը և Հայաստանը կարևոր շանս են ստացել. Էրդողան
Ադրբեջանն ու Հայաստանը կարևոր հնարավորություն են ստացել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն ապահովելու համար:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում գտնվող Թուրքական տանը ԱՄՆ մի շարք վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումն է՝ նպաստել տարաձայնությունների վերացմանը, խաղաղությանը և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը։
«Մենք անձեռնմխելի ենք համարում պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերը։ Ժամանակակից աշխարհին այս սկզբունքներն ավելի քան երբևէ պետք են»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նշել է, որ այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ամրապնդել բազմաբևեռ աշխարհակարգը։
«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ի հայտ եկած երկբևեռ աշխարհը, ինչպես նաև միաբևեռ աշխարհը, մնացել են պատմության մեջ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը` կոչ անելով բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքը։