Ռևանշիստական ուժերը Հայաստանում գլուխ են բարձրացնում. Ալիև
Ռևանշիստական ուժերը Հայաստանում գլուխ են բարձրացնում: Հայաստանի ներկայիս իշխանություններն ապրում են նույն մտքերով ու երազանքներով: Այս մասին նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով 7-րդ գումարման Միլլի Մեջլիսի առաջին նիստում։
Նա նշել է, որ Հայաստանը չի ցանկանում հաշտվել Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի պարտությամբ, ուստի ցանկանում է պահպանել Մինսկի խմբի գոյությունը:
Ալիևը նաև ասել է, որ արտաքին շրջանակները, չկարողանալով մարսել Ադրբեջանի հաղթանակը, նոր ծրագրեր են մշակում այդ երկրի դեմ:
«Հենց դա է մեդիա արշավի նպատակը՝ զրպարտելու քարոզարշավ։ Այս թեման օրակարգում պահեք և ապրեք այն հույսով, որ եթե Ադրբեջանը երբևէ սայթաքի, թուլանա, նորից կեղտոտ գործեր կարող եք սկսել մեր դեմ: Սա գիտեն Ադրբեջանի իշխանությունները, դա պետք է իմանա նաև հանրությունը»,- ասել է Ալիևը: