Ադրբեջանը բողոքում է ԼՂՀ-ում վերաբնակեցումների դեմ
Ադրբեջանը պատրաստվում է բողոք ներկայացնել ազատագրված տարածքներում իրականացվող տնտեսական և այլ տիպի գործողությունների դեմ։ Տեղեկացնում է APA գործակալությունը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ Ադրբեջանը նյութեր է հավաքում Հայաստանի դեմ բողոք ներկայացնելու համար։ Նրա խոսքով` հայկական աղբյուրներից արդեն հավաքվել է 500-ից ավել նյութ ազատագրված տարածքներում իրականացվող տնտեսական և այլ տիպի գործողությունների դեմ։
Հաջիևը խոսելով այդ տարածքներում Հայաստանի կողմից իրականացված տարատեսակ գործողությունների մասին, ընդգծել է նաև այնտեղ մեծ թվով բնակչության վերաբնակեցումը։
Նա հակաօրինական է համարել հայ և օտարերկրյա գործարարների ծավալած տնտեսական գործունեությունը ազատագրված տարածքներում։ Հատկապես շեշտել է Սիրիայի ճգնաժամի հետևանքով գաղթած 15-20 հազար հայերին այս տարածքներում բնակեցումը։ Ըստ Հաջիևի՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նյութեր է նախապատրաստում «Ադրբեջանի տարածքում» հակաօրինական տնտեսական գործունեություն և ապօրինի բնակեցումներ կատարելու ուղղությամբ։