ԵՄ-ն միգրացիոն խնդրի լուծման համար հավելյալ 700 մլն եվրո կհատկացնի
Եվրահանձնաժողովը միգրացիոն խնդրի լուծման համար մինչև 2018 թվականը կտրամադրի հավելյալ 700 միլիոն եվրո։ Այդ մասին հայտարարել է մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը, հաղորդում է ТАСС-ը։
«Այսօր Եվրահանձնաժողովը հաստատել է արտակարգ օգնության վերաբերյալ իմ առաջարկը: Դրա համաձայն` Եվրահանձնաժողովը 700 միլիոն եվրո կտրամադրի առաջիկա երեք տարիների համար»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ այս տարի կհատկացվի 300 միլիոն եվրո, իսկ 2017-2018 թվականներին՝ 200-ական միլիոն եվրո:
«Արտակարգ օգնությունը կտրամադրվի անդամ պետությունների և ՄԱԿ-ի գործակալությունների, ոչ կառավարական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: Այդ միջոցները նախատեսված են ԵՄ-ի երկրներ ժամանած մեծ թվով երեխաների, կանանց և տղամարդկանց համար առաջին անհրաժեշտության ապրանքների տրամադրման համար»,- բացատրել է նա: