Եվրոպան կարող է Վրաստանին զրկել «առանց վիզայի» կարգավիճակից
Եվրամիությունը սպառնացել է Վրաստանին վիզայի ռեժիմի հնարավոր վերացմամբ՝ երկրում ժողովրդավարության անկման պատճառով։ Այս մասին Politico-ին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։
Աղբյուրը նշում է, որ Բրյուսելը քննարկում է բոլոր տարբերակները, ներառյալ վիզային ռեժիմի ազատականացման հնարավոր ժամանակավոր վերացումը։ Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները պետք է որոշակի պահանջներ կատարեն ԵՄ-ին հետագա ինտեգրման համար, այդ թվում՝ ապահովել քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և պայքարել խտրականության դեմ։
«Այդ ամենը կիրականացվի այնպիսի զարգացման դեպքում, որը վտանգ է ներկայացնում շենգենյան գոտու ներքին անվտանգության համար, ինչպես նաև Վրաստանում ժողովրդավարության հետագա անկման դեպքում»,- ընդգծել է նա։