Խոսվում էր միայն ադրբեջանցիների վերադարձի մասին, մեր վերադարձի մասին ինչի՞ չի խոսվում՝ մենք չե՞նք եղել, Սումգայիթում ցեղասպանություն չի՞ եղել, Գանձակում, Բաքվում ջարդեր չե՞ն եղել․ «Միասին» շարժման խորհրդի անդամ
Այսօր, երբ Ադրբեջանը բարձրացրել է 300 հազար ադրբեջանցու վերադարձի խնդիր, այլևս չենք կարող լռել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Միասին» շարժման խորհրդի անդամ Ժասմինա Գևորգյանը, ով շարժման անդամների ու մի շարք քաղաքացիների հետ կառավարության մոտ մասնակցում էր ակցիայի։
«Իշխանությունները հավերժ չեն։ Երբ մենք հարցը բարձրացնենք և այն մտնի օրակարգ, հույս կա, որ ինչ-որ բան կփոխվի, որովհետև մենք միայն կառավարությանը չենք դիմում, այլ հարցով դիմում ենք Մինսկի խմբի համանախագահներին, ՄԱԿ-ի և Եվրամիության ներկայացուցչություններին։ Չի կարող հարցը միակողմանի լինել։ Անգամ Մադրիդյան սկզբունքներում խոսվում էր միայն ադրբեջանցիների վերադարձի մասին, մեր վերադարձի մասին ինչի՞ չի խոսվում, մենք չե՞նք եղել, Սումգայիթում ցեղասպանություն չի՞ եղել, Գանձակում, Բաքվում ջարդեր չե՞ն եղել․․․ մարդկանց տեղահանել են էդ տարածքներից»,-ասաց Ժասմինա Գևորգյանը։
Նա ընթերցեց պահանջն ու նշեց, որ եթե իշխանություններն այս մասին չեն ուզում բարձրաձայնեն՝ չի նշանակում, թե խնդիր չկա։