Աճել է զենքի գործադրմամբ ծանր հանցագործությունների թիվը. Աննա Վարդապետյան
Հայաստանում 2024 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է հանցագործության 18818 դեպք՝ 2023 թվականի՝ 19891-ի համեմատ․ ընդ որում՝ կատարված հանցագործությունների 81.7 %-ը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ են։ Այս մասին այսօր՝ կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե կարծիք կա, որ հանցավորությունը Հայաստանում աճել է ու «խեղդում է ժողովրդին»։
Գլխավոր դատախազը նշեց, որ 2023 թվականի կառավարության տարեկան հաշվետվության մեջ էր արձանագրված հանցավորության աճը։ Բայց 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կա նվազում։
«Ծանր հանցագործությունները ևս նվազել են 8.2 %-ով, եթե վիճակագրությունից հանենք հանկարծամահությունները։ Բայց դրան հակառակ ունենք մեզ մտահոգող վիճակագրություն՝ 17.8 %-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների թիվը, մտահոգիչ է, որ աճել է զենքի գործադրմամբ ծանր հանցագործությունների թիվը»,- ներկայացրեց Վարդապետյանը։
Արձագանքելով զենքի հետ կապված դիտարկմանը՝ Փաշինյանը նկատեց․ «Երբ հնչում են կրակոցներ՝ այն լսում են շատ մարդիկ, դրա մասին խոսակցությունն արագ տարածվում է, դառնում է լուրջ քննարկման առարկա և իհարկե և այն կարող է տագնապ հարուցել»,- ասաց նա։