Հենց գազը թանկանում է՝ գազալցակայաններում սկսում են անկանխիկ եղանակով առևտրից խուսափել՝ խաբելով, թե սարքերը չեն աշխատում․ Արմեն Խաչատրյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը վստահեցնում է, որ իրեն վերջերս հաճախ են հանդիպում դեպքեր, երբ գազալցակայաններում, հատկապես հեղուկ գազի լցակայաններում հրաժարվում են անկանխիկ եղանակով առևտուր անելուց: Այդ մասին նա հայտարարեց ԱԺ-ում։
Նրա խոսքով` երբ մարդիկ բանկային քարտերը ներկայացնում են, նրանց ասում են, թե քարտի սարքը չի աշխատում։
«Դա տևում է 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս: Նույնիսկ անձամբ մի քանի անգամ զգուշացրել եմ, և զգուշացնելուց հետո հետևություններ չեն եղել: Եվ դա լինում է հատկապես այն ժամանակահատվածում, երբ բարձրանում են գազի գները: Երբ կտրուկ բարձրացում է լինում, տոտալ նկատվում է, որ բոլորը սկսում են անկանխիկ եղանակով առևտրից խուսափել՝ խաբելով մեր քաղաքացիներին, որ այդ սարքերը չեն աշխատում»,- ասաց Արմեն Խաչատրյանը:
Պատգամավորը հրավիրելով ՊԵԿ-ի ուշադրությունը` ՊԵԿ ներկայացուցիչներին հորդորեց ուսումնասիրել խնդիրն ու հանգիստ վերլուծել և տեսնել՝ տվյալ տնտեսվարողը 1 ամիս առաջ անկանխիկ առևտուրն արե՞լ է 1 միլիոնի:
«Մեկ էլ տեսնում եք, որ 1 ամիս ընդհանրապես չկա անկախիկ եղանակով առևտուր: Սա էլեկտրոնային տարբերակով մոնիթորինգ անելը շատ հեշտ է»,- ասաց պատգամավորը։