Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի ևս 650 բազմաֆունկցիոնալ «Martlet» հրթիռ
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի հավելյալ 650 բազմաֆունկցիոնալ «Martlet» հրթիռներ՝ նրա հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Ինչպես հաղորդում է TACC-ը՝ այս մասին ասված է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Ավելի քան 160 միլիոն ֆունտ ստերլինգ (210 միլիոն դոլար) արժողությամբ նոր օգնության փաթեթի մասին հայտարարվել է սեպտեմբերի 6-ին Գերմանիայի Ռամշտեյն ամերիկյան ավիաբազայում Ուկրաինային ռազմական օգնության արևմտյան կոնտակտային խմբի նիստից առաջ: Ակնկալվում է, որ «Martlet» հրթիռների լրացուցիչ խմբաքանակը Լոնդոնից Կիև կտեղափոխվի մինչև 2024 թվականի վերջ։
«Martlet»-ն արտադրվում է ֆրանսիական Thales ռազմարդյունաբերական խմբի կողմից Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում գտնվող հաստատությունում: Ընկերությունը հրթիռները տեղադրում է որպես զինամթերք ամենալայն կիրառման համար: Այն կարող է փոխադրվել ուղղաթիռներով, նավակներով և ցամաքային հարթակներով, այն կարող է արձակվել նաև «Starstreak» դյուրակիր զենիթահրթիռային համակարգերի միջոցով, որոնք նույնպես մատակարարվում են Ուկրաինային: