Այս տարի Հայաստանում գրանցվել է 16 տարեկանների 2, իսկ 18 տարեկանների՝ 84 ամուսնություն․ բոլորը երեխաներ են ունեցել
2024 թվականին Հայաստանում 16 տարեկանների 2 ամուսնություն է գրանցվել։ ՀՀ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ այս ցուցանիշը հրապարակեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։
Նա ներկայացրեց վերջին 3 տարվա վիճակագրությունը, ըստ որի` վաղ ամուսնությունների, ինչպես նաև այդ ամուսնություններից ծնված երեխաների թիվը սկսել է նվազել։
«2021 թվականին 16 տարեկանների 5 ամուսնություն է եղել, 2022 թվականին` 4, 2023 թվականին` 3, 2024 թ.` 2։ 17 տարեկանների դեպքում 2021 թվականին` 49, 2022 թվականին` 26, 2023 թվականին` 24, 2024 թ. 9 ամուսնություն է գրանցվել։ Ինչ վերաբերում է 18 տարեկաններին, ապա նրանց դեպքում 2021 թվականին գրանցվել է 135 ամուսնություն, 2022-ին` 155, 2023 թվականին` 55, 2024 թվականի այս պահի դրությամբ արդեն 84 ամուսնություն կա»,– ասաց Հարությունյանը։
Հարությունյանի համար դեռ մտահոգիչ է այն, որ 17–ամյա դեռահասների շրջանում արձանագրված 23 ամուսնությունից 23 երեխա կա ծնված, 18 տարեկանների 56 ամուսնությունից` 56 երեխա, իսկ 16 տարեկանների ամուսնությունից արդեն երկու երեխա է ծնվել։