«Պատերազմի արդար ավարտի» երեք գործոնները՝ ըստ Զելենսկիի
Մինչև 2024 թվականի նոյեմբերի վերջ Ուկրաինան խաղաղության հասնելու ծրագիր կպատրաստի։ Ինչպես գրում է Gazeta.ru-ն՝ այս մասին ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Պետության ղեկավարի խոսքով՝ Կիևը չի կարող արձագանքել զինադադարի մասին կոչերին, քանի դեռ նրա տարածքը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։
Համբերություն, աջակցություն և դիվանագիտական ճնշում․ ահա «պատերազմի արդարացի ավարտի» երեք գործոնները՝ ըստ Զելենսկու։
Նրա խոսքով՝ Մոսկվայի վրա լրացուցիչ ճնշում կարող է գործադրվել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միասնության շնորհիվ։
Հուլիսի 28-ին Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը հայտարարել էր, որ Ուկրաինայի միակ տարբերակը կապիտուլյացիան է։ Նրա խոսքով՝ միայն դրանով կլուծվի ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Անցյալ շաբաթ Վլադիմիր Զելենսկին խոստովանել էր, որ կարող է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ չնայած գործող արգելքին։ Նա հավելել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ «խաղաղության երկրորդ գագաթնաժողովի» շրջանակներում։