Սա հանրային լսում չէր, սա ուղղակի ֆիկցիա էր․ դահլիճ թողնում էին ընտրովի, թողնում էին նրանց, ովքեր կողմ էին հանքի բացման․ Մհեր Կարագյոզյանը՝ Վեդիում ցեմենտի գործարանի բացման մասին
Վեդի խոշորացված համայնքի Գինեվետ բնակավայրում հուլիսի 10-ին Վեդիում ցեմենտի գործարանի կառուցման աղմկահարույց նախագծի շուրջ 4-րդ հանրային լսումներն իրականացնելու համար ՏԻՄ-ը չի ապահովել բավարար պայմաններ՝ բոլոր շահագրգիռ կողմերի պատշաճ ներգրավման համար։
Հանրային լսումները հսկել են ոստիկանները՝ համայնքի ու հարևան բնակավայրերի բնակիչներին թույլ չտալով մասնակցել դրանց։ Պատճառաբանել են, թե դահլիճում տեղ չկա։
Գինեվետի գյուղապետարանում անցկացվող հանրային լսումներին համայնքի բնակիչներից մասնակցել են միայն համայնքապետարանի աշխատակիցները։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին
«Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի նախագահ, Վեդի համայնքի բնակիչ Մհեր Կարագյոզյանը նշեց, որ մի շարք ապօրինություններ են տեղի ունեցել, մարդկանց իրավունքների կոպտագույն ոտնահարումներով.
«Սա հանրային լսում չէր, սա ուղղակի ֆիկցիա էր, դահլիճ թողնում էին ընտրովի, թողնում էին այն քաղաքացիներին, ովքեր կողմ էին հանքի բացմանը։ Մենք այդպես էլ հնարավորություն չունեցանք դիրքորոշում հայտնելու, որը հետևյալն էր. «Ա՛յ պարոն Բաքոյան, ա՛յ կոռուպցիոներ, մենք չունենք վստահություն, որ նոր բացող հանքը կամ գործարանը կվերահսկվի պետության կողմից և չի խախտի լիցենզիայով ստանձնած պարտավորությունները»,-ասաց նա։
Կարագյոզյանն ասաց նաև, թե լսել է, որ «Օրդ գրուպ» ընկերությունը, որը ցանկություն ունի այդ հանքը շահագործելու, Վեդու քաղաքապետարանի հետ հուշագիր է կնքել, որ գործարանի շահույթի 10 տոկոսը պետք է գնա Վեդու բյուջե, ինչը, ըստ «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի նախագահի, կոռուպցիա է։ Մհեր Կարագյոզյանը պնդում է՝ չորրորդ հանրային լսումը պետք է չեղարկվի և քրեական գործ նախաձեռնվի, քանի որ այդտեղ կան կոռուպցիոն տարրեր։