Դավութօղլուն քրդերին վախեցրել է հայկական ջարդերով
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ, ազգությամբ քուրդ Սալահետթին Դեմիրթաշը շոկային հայտարարություն է արել։ Տեղեկացնում է demokrathaber.net կայքը։
Քրդական կուսակցության առաջնորդ Սալահետթին Դեմիրթաշը Թուրքիայի հարավարևելյան Բաթման քաղաքում ելույթ է ունեցել բազմահազար մարդկանց առաջ։ Խաղաղության նպատակով հավաքված ցույցի ժամանակ ելույթ ունեցող Դեմիրթաշը մեղադրել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին հակահայկական և հակաքրդական հայտարարությունների համար։
«Վարչապետ Դավութօղլուն Բինգյոլում բնակչության առաջ ելույթ ունենալու ժամանակ հայտարարել է, որ քրդերը հայ ավազակախմբերի նման համագործակցում են ռուսների հետ։ Նա ասել է նաև, որ ինչ արեցին հայերի հետ 1915 թվականին` կանեն նաև քրդերի հետ»,- հայտարերել է Դեմիրթաշը։
Քրդական կուսակցության ղեկավարը քրդերի դեմ իրականացվող ջարդերը համարել է միայն ղեկավարող կուսակցության ծրագիրն ու ձեռքի գործը։ Նա հայտարարել է նաև, որ Թուրքիան 100 տարի անց կրկնում է նույն քաղաքականությունը։