Ով իմ ընտանիքի անդորրը խանգարի, ես մտնելու եմ իր տուն, դա թող իմանա Ավինյանն էլ, Նիկոլն էլ, Նիկոլի ձագերն էլ. Ազատության պողոտայի բնակիչ (տեսանյութ)
Երևանի Ազատության պողոտա 14/3 հասցեում նախատեսվում է շինարարություն իրականացնել։ Տարածքում ապրող բնակիչների հաղորդմամբ՝ այդտեղ բժշկական կլինիկա է կառուցվելու։ Լրագրողների հետ զրույցում բնակիչները կասկածներ հայտնեցին, թե՝ Կլինիկայի անվան տակ նորակառույց շենք են կառուցելու։
Բացի այդ, բնակիչները մտահոգություն ունեն, որ շինաշխատանքները կարող են վնասել իրենց շենքերի սեյսմակայունությունը, ինչպես նաև տեղաշարժի դժվարություններ ստեղծել, առանց այն էլ նեղ, բակային տարածքում։
Այդ տարածքում նախկինում գործել է բնակելի շենքերի կաթսայատունը, շինությունն այժմ էլ կա։
Երևանի Ազատության պողոտայի շենքերից մեկի բնակիչներից Միքայել Սաֆարյանը նշեց, որ այս շենքն այստեղ չի կառուցվելու, թույլ չեն տալու շինաշխատանքների իրականացումը:
«Ով իմ ընտանիքի անդորրը խանգարի, ես մտնելու եմ իր տուն։ Թող իմանա Ավինյանն էլ, Նիկոլն էլ, Նիկոլի ձագերն էլ, մնացածն էլ հետը։ Խնդրում ենք, ասում ենք՝ քաղաքապետ, արի երեսդ տեսնենք, բացատրենք։ Իրանք էդքան տղա չեն, որ գան, հասնեն ստեղ։ Մեր տունն եք եկել, մտել։ Արձագանքեք, հարցի լուծումը տանք։ Կարող է գալիս եք ու մեզ ճիշտ բան եք ասում, մենք էլ ձայն չենք հանում։ Բայց մեզ մարդու տեղ դրեք, եկեք։ Միայն ոստիկան բերելով չի մեր վրա»,- ասաց բնակիչը։
Հարկ է նկատել, որ ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների՝ Ազատության 14/3 հասցեում գրանցված է սեփականության 2 իրավունք՝ Զավեն Օվսյան և «Առքոլաբ» ՍՊԸ։ Թե ով է տարածքում շինարարություն իրականացնելու, դեռևս չենք պարզել, սակայն այս թեմայի մասին առաջիկայում մանրամասն հրապարակում կունենանք։