Հայաստանում Վրաստանի դեսպանը հրաժեշտ է տալիս
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Շարմանաշվիլիին՝ պաշտոնավարման անցած հինգ տարիներին ակտիվ եւ արդյունավետ աշխատանքի համար: Բարձր գնահատելով եղբայրական Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման գործում դեսպանի առաքելությունը՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նա այլ աշխատանքի անցնելուց հետո էլ կպահպանի կապը Հայաստանի եւ պաշտոնավարման տարիներին ձեռք բերած իր հայ ընկերների հետ: Հանրապետության նախագահը մեծապես կարեւորելով Վրաստանի հետ հարաբերությունները՝ ընդգծել է, որ անհրաժեշտ է ոչ միայն դրանք պահպանել, այլեւ տարեցտարի զարգացնել: Սերժ Սարգսյանը դա հարեւան եւ բարեկամ երկու երկրների պարտականությունն է համարել պատմության առջեւ:
Դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ ջերմ խոսքերի ու իր աշխատանքին տրված գնահատականի համար եւ վստահեցրել, որ Վրաստանում ի դեմս իրեն Հայաստանն այսուհետ կունենա եւս մեկ բարեկամ. «Մեծարգո՛ նախագահ, հիշում եմ, թե ինչպես տարիներ առաջ պաշտոնս ստանձնելու կապակցությամբ հավատարմագրերը հանձնելիս Դուք ինձ ասացիք, որ ես գտնվում եմ տանը, եւ ցանկացած դուռ, որը կթակեմ, իմ առջեւ կբացվի: Այդպես էլ եղել է այս տարիներին: Ես տեսել եմ միայն ըմբռնում եւ ջերմություն, ինչի համար չափազանց շնորհակալ եմ»,-նախագահի հետ հանդիպմանն ասել է Վրաստանի դեսպանը: