Ափսոս, որ Փաշինյանը, Ջհանգիրյանն ու Արզումանյանն ողջունեցին ՀՀԿ-ական ՄԻՊ-ին. Զարուհի Փոստանջյան
«Քաղաքական հայացքների համար նախկին հետապնդվողներն այսօր իրենց հետապնդողին ողջունեցին»-ԱԺ-ում ցավով արձանագրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Գագիկ Ջհանգիրյանը ողջունեցին Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Արման Թաթոյանին այնպես, «կարծես թե նա կապ չի ունեցել Մարտի 1-ի գործերի հետ»:
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ մինչև վերջ պետք է պայքար տանել և հասնել համակարգի փոփոխության. «Ոչ թե ժամանակը անցնի՝ դու էլ փոխվես և դառնաս այդ ճնշող համակարգի մի մասը: Փորձում էին մոլորեցնել հանրությանը: Եթե դու շարունակում ես նույն քաղաքականությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իշխանություններին ես ներկայացնում, ապա, անկախ նրանից, թե այդ փաստաթուղթը դու չես ուղարկել՝ դու նույն քաղաքականությանն ես սպասարկում»: