Մոսկվան և Թեհրանը դեմ են տարածաշրջանի գործերում արտաքին «խաղացողների» միջամտությանը
![Մոսկվան և Թեհրանը դեմ են տարածաշրջանի գործերում արտաքին «խաղացողների» միջամտությանը](/timthumb.php?src=disc/17-06-24/2789f01e4d01b3cf9e3e84697d2009e2.jpg&w=780)
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Թեհրանում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում:
Կողմերը դեմ են արտահայտվել տարածաշրջանի գործերում արտաքին «խաղացողների» միջամտությանը: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության դիվանագիտական վարչությունը։
«ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը ես բացատրեցի Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ՝ նշելով Կովկասում որոշ արտատարածաշրջանային խաղացողների առկայության ապակայունացնող հետևանքները»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։
Բաղերի Կանին հայտարարել է, որ կովկասյան տարածաշրջանի գործերին արտաքին միջամտության աճը պահանջում է ռազմավարական համակարգում և մշտական խորհրդակցություններ Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև: Այս առումով, նրա խոսքով, կարևոր է առավելագույնս օգտագործել տարածաշրջանային մեխանիզմների ներուժը, ինչպիսին է «երեք գումարած երեք» հարթակը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա) մարտահրավերներին արձագանքելու համար։
Խովաևն ընդգծել է Մոսկվայի և Թեհրանի տեսակետների նմանությունը Հարավային Կովկասի խնդիրների վերաբերյալ: