Ռուսաստանը կապված է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններով. ՌԴ-ն պատասխանել է Ադրբեջանին
Մոսկվան չի թաքցնում Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցության փաստը և կոչ է անում Բաքվին ըմբռնումով մոտենալ դրան։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ТАСС-ը։
«Մենք արդեն դիվանագիտական ճանապարհներով տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին՝ Ռուսաստանը կապված է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններով, զարգացնում է այդ թվում նաև ռազմատեխնիկական համագործակցությունը»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
«Դա հայտնի փաստ է և մենք հույս ունենք, որ այդ փաստն ըմբռնումով կընդունվի Ադրբեջանում»,- ընդգծել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Մոսկվան զենքի մատակարարման ժամանակ հաշվի է առնում տարածաշրջանում բոլոր վտանգները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևն օրերս հայտարարել էր, որ երկիրը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ պայմանավորված Հայաստանին սպառազինություն վաճառելու փաստով։