Մալաթիայի առևտրականները չեն համաձայնում դադարեցնել գործադուլը
Այս պահին, ինչպես հաղորդում է newspress.am-ի թղթակիցը` Մալաթիա տոնավաճառի դիմաց լարված իրավիճակ է, տոնավաճառում առևտուր իրականացնողները գործադուլ են հայտարարել, փակել են տաղավարները և տոնավաճառի ղեկավարությանն են ներկայացնում իրենց պահանջները` իջեցնել տղավարների վարձավճարը, որն ամեն ամիս կազմում է 140.000-150.000 դրամ:
Նրանք փակել էին նաև փողոցի երթևեկությունը: Ոստիկաններին հաջողվել է բացել երթևեկելի հատվածը: Այդ ժամանակ տոնավաճառի տնօրենը մոտեցել է, ասել, որ պատրաստ է վարձավճարը իջեցնել 20.000 դրամով, սակայն առևտրականները չեն համաձայնել, քանի որ նրանց պնդմամբ, դա ոչինչ է հաշվի առնելով այն, որ առևտուր բացարձակապես չի լինում:
Նշենք նաև, որ այստեղ քաղաքացիական հագուստով մի անձ պնդում են, որ ոստիկանությունում ինչ-որ վարչության պետ է: Երբ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին հարցրել են, թե նա ով է, ասել է, որ իրավիճակի ուսումնասիրությունից հետո կպատասխանի:
Այս պահին Վալերի Օսիպյանը փորձում է համոզել ցուցարարներին. որպեսզի դադարեցնեն ակցիան: