Արդարադատության նախարարությունը Հրաչյա Հարությունյանի առողջականի վերաբերյալ հարցում է ուղարկել ՌԴ
Նախօրեին համացանցում տեղեկություն տարածվեց, որ ՌԴ-ում դատապարտված Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը վատացել է:
Newspress.am-ին ՀՀ Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Լուսինե Մարտիրոսյանը փոխանցեց, որ նախարարությունը մշտապես կապի մեջ է ՌԴ իր գործընկերների հետ Հրաչյա Հարությունյանի գործով և Հայաստան տեղափոխման համար անում է հնարավորը:
Լ. Մարտիրոսյանը նաև նշեց, որ Հայաստանը իրավասու չէ միջամտել այլ երկրի օրենսդրական գործընթացներին, թեև Հ. Հարությունյանը Հայաստանի քաղաքացի է, սակայն այս պահին ընթանում են դատական ընթացակարգեր, որին Հայաստանը միջամտելու իրավասություն չունի:
«Մեկ երկրից մեկ այլ երկիր դատապարտյալ տեղափոխելու գործընթացը տևում է մեկ տարուց ավելի»,- ասաց նա:
Իսկ Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակի առնչությամբ ՀՀ Արդարադատության նախարարությունը հարցում է ուղարկել ՌԴ իրավասու մարմիններին. առաջիկայում ակնկալում են պատասխան: