Մինչև 2029-ը պիտի 3 ստադիոն կառուցենք․ Փաշինյան
Երեկ Հայաստանի ու Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները Երևանում մամուլի ասուլիսով են հանդես եկել ու տեղեկացրել, որ Հայաստանը և Վրաստանը միասին որոշել են հայտ ներկայացնել ՖԻՖԱ-ին՝ 2029 երիտասարդական աշխարհի առաջնությունը համատեղ անցկացնելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստում անդրադարձել է վերոնշյալին։
«Մինչև 2029 թվականը, որը շատ լավ առիթ է մեզ համար, հանրապետությունում երեք մարզադաշտ պետք է կառուցենք, որոնք համապատասխանում են աշխարհի առաջնություն իրականացնելու չափանիշներին: 2029-ին աշխարհի երիտասարդական առաջնություն հյուրընկալելը լավ մոտիվացիա է բոլորիս համար, որ կենտրոնանանք և աշխատենք: Ենթադրենք, որ այդ առաջնությունը չկա, երկրի համար լավ չէ, որ լիարժեք միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզադաշտ չունենք: Հանրապետական մարզադաշտը կա, բայց նրա հնարավորությունները սահմանափակ են: Էլ չեմ ասում, որ նման մարզադաշտեր մարզերում ունենալը ևս շատ կարևոր է: Սա ռազմավարական ծրագիր է»,- ասաց Փաշինյանը։
Ստադիոնները պետք է կառուցվեն «Ակադեմիական քաղաքում», Իջևանում և Վանաձորում։