Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպել է Ղազախստանի նախագահին
Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Ինչպես տեղեկացրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՄ-ի զարգացման ընթացիկ հարցեր, ինչպես նաև` համաշխարհային շուկաներում ներկա իրողություններով պայմանավորված` ԵՏՄ անդամ երկրերի եւ երրորդ երկրների միջեւ համագործակցության ընդհանուր ռազմավարությանն առնչվող հիմնահարցեր:
Հանդիպմանը Նուրսուլթան Նազարբաեւն ընդգծել է, որ Տիգրան Սարգսյանի նախագահությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում համընկել է համաշխարհային տնտեսության մեջ արձանագրված բարդ իրողություններին ու պայմաններին, որոնց առկայության պայմաններում դժվար է գտնել աճի համար նոր կետեր:
«Այնուամենայնիվ, բոլոր այդ դժվարությունները որևէ կերպ չեն առնչվում ԵՏՄ աշխատանքներին, եւ որեւէ կասկած չունեմ ինտեգրացիոն մեր միավորման վերջնարդյունքի օգտակարության առումով: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ այսօր բազմաթիվ երկրներ ԵՏՄ մտնելու եւ մեզ հետ այս հարթակում ազատ առևտրի մեջ մտնելու ցանկություն են հայտնել»,-ասել է Ղազախստանի նախագահը, ապա հավելել, թե ճգնաժամերը ժամանակավոր երեւույթներ են, մինչդեռ ԵՏՄ անդամ երկրների ընդհանուր ներուժը` մնայուն:
Իր հերթին, Տիգրան Սարգսյանը նշել է, որ Ղազախստանի նախագահի` ԵՏՄ զարգացման ընդհանուր տեսլականն ու դիրքորոշումը, սկզբունքային նշանակություն ունի, քանի որ հատկապես Ղազախստանի նախագահի նախաձեռնություններն ու գաղափարներն են ընկած միասնական եվրասիական տարածք ստեղծելու հիմքում: Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այս կառույցում Ղազախստանի նախագահության ժամանակ ԵՏՄ-ին ինտեգրացիոն գործընթացներին կտրվի զարգացման նոր խթան:Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը տեղեկացրել է, որ ԵՏՄ Կոլեգիային հանձնարարվել է ուսումնասիրել Ղազախստանի նախագահի` անդամ երկրների ղեկավարներին արված ուղերձը: Դրանում առկա առաջարկների համար կազմվել է համապատասխան ծրագիր: