Պուտինի զանգից հետո ադրբեջանական լոլիկի վաճառքը Ռուսաստանում դադարեցվեց
Վլադիմիր Պուտինը զանգահարել է Իլհամ Ալիևին, տեղեկացնում է APA գործակալությունը։
Ըստ տեղեկության` ուրբաթ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Իլհամ Ալիևին։ Աղբյուրի պնդմամբ՝ նախագահները զրուցել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, Սիրիայի խնդրի և այլ հարցերի շուրջ։
Օրեր առաջ ռուսական մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ այս տարի 4 անգամ մեծացել է Ադրբեջանից Ռուսաստան ներկրվող լոլիկի քանակը։ Ռուսական պատասխանատու մարմինները հայտարարեցին, որ ստուգումներ կանցկացնեն այդ ուղղությամբ։ Կասկած կար, որ թուրքական գյուղմթերքն Ադրբեջանի միջնորդությամբ մտնում է Ռուսաստան։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Ռուսաստան արտահանված ադրբեջանական լոլիկի մեջ վնասակար նյութեր են հայտնաբեվել։ Ռուսական պատկան մարմիններն արգելեցին ադրբեջանական լոլիկի իրացումը ռուսական շուկայում։
Ամենայն հավանականությամբ, Վլադիմիր Պուտինը Ալիևի հետ հենց այս թեմայի ապրանքաշրջանառության մասին էր զրուցել։