Տարոն Մարգարյանը բարկացած է
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության բոլոր աշխատակիցների հետ, որի ընթացքում ներկայացվել է վարչության կատարած աշխատանքների 2015թ.-ի հաշվետվությունը:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել վարչության կողմից քաղաքացիների դիմումների պատասխանների տրամադրման ժամկետներին, Երևանի ավագանու հաստատմանը ներկայացվող որոշման նախագծերի լիարժեք պատրաստմանը, վարձակալությամբ տրամադրված համայնքային գույքի նկատմամբ մշտական հսկողություն իրականացնելուն և մի շարք այլ հարցերի:
Խոսելով վարչության աշխատանքի մասին` քաղաքապետն ասել է. «Այսօր, անշուշտ, ավելացել են մեր համաքաղաքացիների պահանջներն ու ակնկալիքները քաղաքային իշխանությունից, և մենք պարտավոր ենք մեր ամենօրյա աշխատանքով ապահովել այդ պահանջների կատարումը: Բնակիչների հետ հանդիպումների ժամանակ պետք է շեշտը դնել նաև ձեր գործառույթների ու պարտականությունների հիմնավոր ներկայացման վրա: Պետք է լինել համբերատար, ու եթե ձեզանից մեկը ցանկություն չունի իր պարտականությունները հավուր պատշաճի կատարել, թող այսօր ևեթ մտածի այլ աշխատանքի անցնելու մասին: Անշարժ գույքի վարչությունից 2016թ.-ին ակնկալում եմ ավելի բծախնդիր և պատասխանատու աշխատանք»,- նկատել է քաղաքապետը և ընդգծել, որ նման գործելաոճ դրսևորողները կենթարկվեն պատասխանատվության:
Պարզ երևում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտահոգված է, հիմա պետք է ամեն կերպ փորձի թե հանրության վստահությունը վերականգնել և թե նախագահին համոզել, որ քաղաքի համար լավ կառավարիչ է: Քաղաքապետի աթոռին հիմա աչք են դրել Հովիկ Աբրահամյանը` որդու համար, Մհեր Սեդրական էլ` իր որդու, ինչպես հայտնի է Բեգլարյանն էլ ցանկանում կրկին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնել: Եվ նշված անձանցից ամեն մեկն իր հերթին քայլեր է ձեռնարակում նպատակին հասնելու համար: Լարվածություն արդեն, իսկ այս անձերի միջև ակնհայտ է, բայց ինչպես ժողովուրդն է ասում, սա դեռ ծաղիկներն են: Անձանցից յուրաքանչյուրը մտածելու առիթ ունի: