«Երիքովի պարիսպներն էլ են համբերությամբ փլվել»․ Սրբազանը՝ առաջիկա հանրահավաքի մասին
Սա օտար երևույթ ու շարժում չէ, մեր կյանքի հետ առնչված, փոփոխություններին միտված շարժում է։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա նշեց, որ մայիսի 26-ին նախատեսված հանրահավաքին իրենց ասելիքը պետք է լինի պատկերացումների ու առաջիկա քայլերի մասին։
«Մեր համբերությունը պետք է լինի մեր շարժման ճշմարտության պայքարի տրամաբանական ավարտով պայմանավորված։ Երիքովի պարիսպներն էլ են համբերությամբ փլվել»,-ասաց նա։
Մեջբերում՝ Աստվածաշնչից
Երիքովն ամուր փակված էր Իսրայելի որդիների պատճառով։ Դուրս եկող և ներս մտնող չկար։ Տերը Հեսուին (Եհովան փրկություն է) ասաց. Տե՛ս, ես քո ձեռքն եմ հանձնել Երիքովը, նրա թագավորին և զորավոր քաջերին։ Դուք՝ բոլոր պատերազմող մարդիկդ, շրջապատե՛ք քաղաքը՝ մեկ անգամ պտույտ տալով քաղաքի շուրջը։ Վեց օր այդպես կանեք։ Յոթ քահանա յոթ հոբելյանական փողեր թող վերցնեն տապանակի առջևից, իսկ յոթերորդ օրը յոթ անգամ պտույտ կտաք քաղաքի շուրջը, և քահանաները կհնչեցնեն փողերը։
Երբ նրանք հնչեցնեն հոբելյանական եղջերափողերը, և երբ դուք լսեք փողերի ձայնը, ամբողջ ժողովուրդը մեծ աղաղակ կբարձրացնի. քաղաքի պարիսպները փուլ կգան։ Երիքովի պարիսպները վայր ընկան, երբ յոթ օր նրա շուրջը պտտվեցին։