«Մառախուղ չկար. Եղանակը բարենպաստ էր». Նոր մանրամասներ՝ Ռայիսիի կործանված ուղղաթիռի մասին
Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Ղուլամ Հոսեյն Իսմայիլին ասել է, որ երեք ուղղաթիռների թռիչքի ժամանակ, ներառյալ հանգուցյալ նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռինը, եղանակային պայմանները բարենպաստ են եղել:
Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Իսմայիլին, ով եղել է պատվիրակության երկու չկործանված ուղղաթիռներից մեկում, ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակային պայմանները բարենպաստ են եղել, երկնքի միայն մի հատվածն է ամպամած եղել:
«Թռիչքից կես ժամ անց Սունգունի պղնձահանքի մոտ ամպամածություն էր, բայց մառախուղ չէր։ Միգուցե կիրճի խորքում մառախուղ կար, բայց մեր թռիչքի ճանապարհին մառախուղ չկար։ Ամպերը մի փոքր ավելի բարձր էին, քան ուղղաթիռը։ Ուղղաթիռի օդաչուն, որում նախագահն էր, որպես հրամանատար, մեզ հրահանգներ տվեց բարձրանալ և շարունակել շարժվել ամպերից վեր։
Ուղղաթիռները բարձրացրին թռիչքի բարձրությունը, և մոտ 30 վայրկյան հետո մեր օդաչուն հասկացավ, որ նախագահի ուղղաթիռը չկա։ Ի վերջո ամպերը անցան, և մենք տեսանք Սունգուն պղնձի հանքը:
Մեր օդաչուն շրջվեց և հետ գնաց ուղղաթիռը փնտրելու։ Ինձ ասացին, որ ուղղաթիռը կարող էր կործանվել, քանի որ մեկուկես րոպե կապ չենք ունեցել։ Մեր ուղղաթիռը մի քանի անգամ պտտվել է և չի կարողացել ռադիոկապ հաստատել։ Մենք 30 վայրկյանում վայրէջք կատարեցինք Սունգուն հանքավայրում:
Մենք կապ հաստատեցինք ուղղաթիռի ուղեւորների հետ, սակայն ոչ ոք չարձագանքեց։
Երբ դեպքի վայր են ժամանել փրկարարները, եղանակն ամբողջությամբ փոխվել է։ Չգիտեմ՝ ինչ եղանակային պայմաններ են ուղղաթիռով թռիչքի համար, բայց ես կասեմ, որ թռիչքի ժամանակ եղանակային պայմանները նորմալ էին։ Մենք ամպը տեսանք միայն մեկ կիրճում և շատ սահմանափակ տարածքում, ուստի չեմ կարող ասել՝ դա կարող էր թռիչքին խանգարող գործոն դառնալ, թե ոչ»,- ասել է Իսմայիլին։