Նսեմացնելով շարժումը՝ ընդամենը ձեր վախերն եք ի ցույց դնում․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«ԱԺ նիստի օրակարգում բացակայում է այս օրերին հանրությանը հուզող և օրակարգային հարցերը»։ Սյս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա հիշեցրեց, որ ՔՊ-ականները մերժել էին սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած նախագիծը, որը հնարավորություն կտար հենց այս դահլիճում քննարկել այն կարևոր հարցերը, որոնք առնչվում էին պետության, պետականության կարևորագույն խնդիրներին։
«Մերժեցիք և հիմա այստեղից հայտարարություններ եք անում, տարբեր լրատվամիջոցներով պիտակավորումներ են կատարում ու ամենաայլանդակ բառապաշարն եք օգտագործում տարբեր մարդկանց հասցեին, այդ թվում նաև Բագրատ Սրբազանի, փորձում եք վիրավորանք հասցնելով իբրև թե նսեմացնել շարժումը։ Դուք դրանով ընդամենը ձեր վախերն եք ի ցույց դնում և ձեր բերած փաստարկները որևէ առնչություն չունեն մեր պետության, անվտանգության հետ։
Դուք ոտնահարել եք ոչ միայն իրավական համակարգը, նաև քաղաքական, բարոյական համակարգերը, ամեն ինչ տանում եք, հանձնում եք։ Ինչի՞ համար։ Մեկ բանի համար։ Ձեր աթոռների համար, որ մնաք այդ աթոռին կպած։ Կպեք, ինչքան կպնեք, այնքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեր հետ է հեռացվելու, փոխարինվելու է նորմալ, ազգային աթոռով»,- ասաց Մինասյանը։