4 կգ «մարիխուանա», 24 գրամ «հաշիշի յուղ», 66 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք է բացահայտվել. 6 անձ ձերբակալվել է
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակելով պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ, օրերս բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված մի քանի դեպք:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ինչպես նաև ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ, «Ապավեն Տերմինալ» ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` «Տրանս Շիփփինգ» ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին:
Բացի անձնական օգտագործման առարկաներից հայտնաբերվել է 23 գրամ և 507 գրամ ընդհանուր քաշով 2 փաթեթ` «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զանգվածների պարունակությամբ և «հաշիշի յուղ»` 24 գրամ քաշով: Հիշյալ մաքսանենգության դեպքով ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում թմրամիջոցների փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված սուրհանդակային առաքանին ստանալուց հետո ձերբակալվել և մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 3 քաղաքացի: Նրանք ենթարկվել են ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Հարուցված քրեական վարույթի շրջանակներում քաղաքացիները ձերբակալվել են: