Էնթոնի Բլինկենը չհայտարարված այցով մեկնել է Ուկրաինա
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենն այցելել է Ուկրաինա։
«Բլինկենը Կիև է ժամանել երեքշաբթի չհայտարարված դիվանագիտական առաքելությամբ։ Բլինկենը կընդգծի Բայդենի վարչակազմի հավատարմությունը Ուկրաինայի պաշտպանությանն ու երկարաժամկետ անվտանգությանը»,- հայտնում է Associated Press-ը։
Ինչպես պարզաբանել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, պետքարտուղարը կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի, վարչապետ Դենիս Շմիգալի և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Նա կքննարկի մարտի դաշտում տիրող իրավիճակը, ԱՄՆ-ի օգնության նոր փաթեթի ազդեցությունը և Կիևին աջակցելու Վաշինգտոնի երկարաժամկետ հանձնառությունը:
Գործակալությունը նշում է, որ Բլինկենը «վստահության ուժեղ ազդանշան կուղարկի» ուկրաինացի պաշտոնյաներին և ակտիվիստներին, որոնց հետ նա կհանդիպի իր երկօրյա այցի ընթացքում:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, որը պետքարտուղարի հետ գնացքով ճանապարհորդել էր Լեհաստանից Ուկրաինա, ասել է, որ Կիևն արդեն ստացել է հրետանի, հակաօդային պաշտպանության համակարգեր և հեռահար հրթիռներ՝ որպես օգնության նոր փաթեթի մաս: