ԱՄՆ-ն արգելել է ուրանի ներկրումը Ռուսաստանից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Կոնգրեսում ընդունված օրենքին, որն արգելում է ցածր հարստացված ուրանի ներմուծումը Ռուսաստանից։
Տեղեկությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
Օրենքն ուժի մեջ կմտնի ստորագրումից 90 օր հետո։ Մինչև 2028 թվականի հունվարը ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը կարող է թույլտվություններ տալ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծման համար, եթե մատակարարման այլ աղբյուրներ չլինեն։
Սահմանափակումն ուժի մեջ կմնա մինչև 2040 թվականը։ Ներկայացուցիչների պալատը հաստատել է օրենքը 2023 թվականի դեկտեմբերին, Սենատը 2024 թվականի մայիսին։
Տարեսկզբին ԱՄՆ-ը հայտարարեց, որ պատրաստվում է Ճապոնիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ միասին հիմնել ցածր հարստացված ուրանի արտադրություն։ Ռուսաստանի Դաշնությունից ԱՄՆ մատակարարումների մասնաբաժինը այժմ կազմում է մոտ 20%: